ԱՊՐԻԼԻ 24-ԻՑ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱ՞Ջ
Երևանյան պաշտոնյաների հնչեցրած երկու ցնցող հայտարարություններ խորապես մտահոգել են ողջ աշխարհի հայությանը:
Առաջին հայտարարությունն արեց վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 21-ին, Ծաղկաձորում կայացած «Միջազգային տնտեսական համագործակցության հեռանկարները. խնդիրներ և լուծումներ» խորագրով միջազգային տնտեսական համաժողովում: Համաժողովին մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ և գործարարներ Ռուսաստանից, Բուլղարիայից, Իրանից և շատ այլ երկրներից:
«Միջազգային տնտեսական համագործակցություն. նոր քաղաքականություն» վերնագրված իր ելույթում վարչապետը Ռուսաստանին և Թուրքիային հրավիրեց մասնակցելու Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցմանը: Նա նշեց, որ միլիարդավոր դոլարներ արժեցող նախագիծը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակություն ունի: Գործող ատոմակայանը, որը գտնվում է Երևանի մոտ, շահագործման է հանձնվել 1976-ին: Որոշ միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև հարևան Թուրքիան, մի քանի տարի է, ինչ պնդում են, թե անվտանգության նկատառումով պետք է փակել Մեծամորի ատոմակայանը: Ակնկալվում է, որ նոր ատոմակայանը շահագործման համար պատրաստ կլինի 2016 թ.:
Թուրք ղեկավարները դեռ չեն արձագանքել պարոն Սարգսյանի հրավերին: Այնուամենայնիվ, ըստ ռուսական աղբյուրների, Անկարան, ասում են, հետաքրքրված է դրանով: Թուրքիայի կառավարության մի ներկայացուցիչ, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, «Նեզավիսիմայա գազետային» ասել է. «Թուրքիայի կառավարությունն ակնկալում է Հայաստանի պաշտոնական շրջանակների` իրենց ատոմակայանի կառուցմանը մասնակցելու պաշտոնական հրավերը: Դրանից հետո միայն թուրքական կողմը կարող է քննարկել նախագծին մասնակցելու հնարավորությունը և հրապարակել իր որոշումը: Եթե խնդրին առնչվող բոլոր հարցերը բավարարվեն, հնարավոր է, որ Երևանի առաջարկն ընդունվի»:
Մի շարք հայ վերլուծաբաններ լուրջ մտահոգություններ հայտնեցին այդքան զգայուն նախագծին Թուրքիային ներգրավելու առնչությամբ: Ոմանք մատնանշեցին Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը` հաշվի առնելով Թուրքիայի պատմական թշնամանքը: Այլ մեկնաբաններ բարձրացրին թուրքական ընկերությունների շրջանում ատոմակայանների կառուցման փորձի լիակատար բացակայության խնդիրը: Իշխող կոալիցիայի կրտսեր անդամ ՀՅԴ-ն ներկայացնող պատգամավոր Արա Նռանյանը հայտարարեց, որ իր կուսակցությունը դեմ է Թուրքիայի մասնակցությանը նոր ատոմակայանին, և որ դա, ըստ իրենց, «վնասում է Հայաստանի շահերին»:
Ինչպե՞ս կարող են Հայաստանի պաշտոնյաներն ատոմակայանի կառուցման գործում մասնակցություն առաջարկել մի երկրի, որը ժխտում է Ցեղասպանությունը, հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, շրջափակում է իրականացնում Հայաստանի տնտեսությունը ոչնչացնելու նպատակով և Արցախի (Ղարաբաղի) հակամարտությունում քաղաքական ու ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին:
Երկրորդ մտահոգող զարգացումը հայ պաշտոնյաների հրավերն է Թուրքիայի արտգործնախարարին` մասնակցելու «Սևծովյան տնտեսական համագործակցության» (ՍԾՏՀ) (BSEC) համաժողովին, ապրիլի 16-17-ին` Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցից ընդամենը մի քանի օր առաջ: ՍԾՏՀ-ում Հայաստանի 6-ամսյա հերթափոխային (rotation) նախագահությունն ավարտվում է ապրիլի 30-ին:
Հայերին այնուհետև նյարդայնացրել է թուրքական «Թդեյս Զաման» թերթի հրապարակումը, թե «Հայաստանը փոփոխություն է կատարել Սևծովյան երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակացույցում` որպես բարի կամքի բացահայտ դրսևորում` հավաստիանալու, որ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը կլինի մասնակիցների թվում»: «Զամանը» հաղորդել է, թե Հայաստանի իշխանությունները ՍԾՏՀ հանդիպման օրը «նախապես հայտարարված ապրիլի 29-ից տեղափոխել են ապրիլի 16-ին»: Սա կարևոր փոփոխություն է, քանի որ ապրիլի 29-ը ապրիլի 24-ից ընդամենը մի քանի օր հետո է:
Վիրավորանքն ավելի խորացնելով` «Զամանը» վկայակոչեց թուրք պաշտոնյաներին (չհրապարակելով նրանց անունները), թե Բաբաջանը չի հաստատել իր այցելությունը, և նրա մասնակցությունը կախված է «մերձեցման շարունակվող գործընթացին Հայաստանի նվիրվածությունից, ինչպես նաև Հայաստանի հետ դռնփակ բանակցությունների ընթացքից»:
Թուրք պաշտոնյաները Հայաստանի հետ «մերձեցման» մասին հաճախ են հայտարարություններ անում, որպեսզի կեղծ տպավորություն ստեղծեն, թե երկու երկրները հաշտվում են միմյանց հետ, հույս ունենալով, որ Օբամայի վարչակազմը և ԱՄՆ-ի Կոնգրեսը Հայոց ցեղասպանության հարցում որևէ գործողություն չեն ձեռնարկի:
Մինչ պաշտոնական Անկարան անդադար ռմբակոծում է Վաշինգտոնն այսպիսի կեղծ հայտարարություններով, հայկական կողմն ապշեցուցիչ լռություն է պահպանում` հավաստիություն հաղորդելով թուրքական աղճատումներին, որոնք նպատակ ունեն խափանելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի որևէ հայտարարության հնարավորությունը:
Արձագանքելու սակավաթիվ դրսևորումներից էր Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանի հայտարարությունը, որը հերքում էր թուրքական կողմի մտահոգություններին հարմարվելու նպատակով ՍԾՏՀ համաժողովի ժամանակացույցում փոփոխություններ կատարելու մասին տեղեկությունը: Այդուհանդերձ, պարոն Բալայանը որևէ բացատրություն չտվեց, թե ինչու համաժողովը տեղի չի ունենալու մինչև ապրիլ ամիսը:
Դժվար է հավատալ, որ Հայաստանի կառավարությունը Թուրքիայի արտգործնախարարին Հայաստան է հրավիրում ապրիլի 24-ից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Պարոն Բաբաջանին` Հայաստանը շրջափակման մեջ պահող թշնամական երկրի` Ցեղասպանությունը հերքող բարձրաստիճան պաշտոնյային, երբեք չպետք է ողջունեն Հայաստանում, մինչև որ նա մտադրություն չունենա ծաղկեպսակ դնել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և ներողություն խնդրել հայ ժողովրդից:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի
Արտասահմանյան մամուլի տեսություն էջից